15 տարի առաջ այս օրը նոր վերադարձել էի Հայաստանի իմ հերթական ուղևորությունից:
Դեռ ուշքի չէի եկել ճանապարհից, ու զանգ եմ ստանում… եղբայրս՝ Արտուրը, լքել է այս աշխարհը:
28 տարեկան էր:
Ինձ շատ-շատ էր սիրում, ամեն տեղ պատմում էր. «Քուրս սենց, քուրս նենց»:
Շատ բարի էր, համով , հոտով, միշտ ժպիտով, ջիգյարով շատ:
- Որ գնաս Հայաստան, գյուղերի երեխաներին լիքը-լիքը կոնֆետ կնվիրես, թող ուրախանան:
( Շամշադինի Մեհրաբում էր ծառայում, գյուղերի մարդկանց հետ շատ էր շփվում, սիրում):
Տոննաներով շոկոլադ ենք նվիրել գյուղերի երեխաներին այս տարիների ընթացքում ու միշտ իր բառերն եմ հիշում:
Որ լուրը լսեցի, մի քանի ժամ լացեցի, հետո նորից տոմս գնեցի դեպի Հայաստան:
Մի քիչ որ հանգստացա, ինչքան քրիստոնյա ընկերներ ունեմ, սկեցի հերթով զանգել բոլորին ու շատ խնդրել, որ Արտուրի համար աղոթեն: Քահանա ընկերներիս զանգեցի, պատարագներ խնդրեցի:
Հետո երեկոյան ժամը 8-9 էր, պառկեցի, որ մի քիչ հանգստանամ. տանը մենակ էի:
Պառկած եմ ու դիմացս տեսնում եմ լիքը-լիքը գլուխներ… ոնց որ սենց մե՜ծ հերթ լիներ: Ոչ մեկի դեմքը չէի տեսնում, բացի Արտուրից:
⁃ Քու՜ր, - լսեցի Արտուրի ձայնը:
⁃ Արտուր, դու՞ ես:
⁃ Հա, հա, քուր, ես եմ: Ապրես շատ աղոթքների համար, հերթս ահագին առաջ է ընկել: Մերոնց կասես, որ ինձ համար չանհանգստանան: Եթե մեկին նեղացրել եմ, թող ինձ ների:
Հետո տարբեր լեզուներ էի լսում ու տեսա, որ Արտուրը հասկանում է:
⁃ Արտուր, բայց դու օտար լեզուներ չգիտես, ո՞նց ես հիմա հասկանում:
⁃ Քուր ջան, ես հիմա բոլոր լեզուները հասկանում եմ:
Աչքերս ստուգում էի, տեսնեմ՝ բաց են, թե երազ եմ տեսնում… բաց էին:
Գիշերվա ընթացքում մի քանի անգամ տենց գալիս էր Արտուրը, ինչ-որ բաներ էր ասում: Ամեն անգամ սկսում էր «քուուու՜ր» բառով:
Առավոտյան զարթնեցի, բայց էլ ոչ Արտուրը կար, ոչ էլ երկար հերթը:
Գնացի օդանավակայան, էն ժամանակ Zurich - Yerevan ուղիղ թռիչք կար:
Նստեցի ինքնաթիռ, դեռ շոկի մեջ էի տեսածիցս, մտածում էի.«Կարո՞ղ ա շատ եմ հոգնել, կարո՞ղ ա ինձ թվացել ա»:
Ինքնաթիռը օդ բարձրացավ, կողքս մի մարդ էր նստած՝ սև շապիկով:
Սկսեցի խոսել հետը:
⁃ Դուք հավատու՞մ եք, որ կյանքից հետո կյանք կա,- հարցրի այդ անծանոթ մարդուն:
⁃ Իհարկե հավատում եմ, համոզված եմ դրանում, - պատասխանեց նա:
⁃ Դուք հավատու՞մ եք, որ եղբայրս մահացել է 2 օր առաջ, երեկ եկել է ու հետս խոսել է:
⁃ Իհարկե հավատում եմ: Մենք չենք կարող իրենց հետ շփվել, բայց իրենք կարող են:
⁃ Իսկ ինչու՞ է եղբայրս ինձ մոտ եկել, ինչու՞ չի գնացել ծնողներիս, ուրիշ հարազատների մոտ, - հարցրի ես:
⁃ Երկու պատճառ կարող է լինել. առաջինը՝ միգուցե նա եկել է քեզ մոտ, որովհետև քո հավատքով և զգացողությամբ ամենալուրջը կընդունեիր իրեն: Երկրորդը՝ Աստված միգուցե ուզել է քեզ վստահություն տալ, հանգստացնել քեզ, որ սա վերջը չի, աղոթքներդ գնահատել է:
Այսպես երեք ժամ խոսեցինք, ու սև շապիկով անծանոթ մարդը պատասխանում էր իմ բոլոր հարցերին: Ոնց որ ինձ ասում էր.
«Չէ, չես գժվել, էդպես էլ կա»:
Ինքնաթիռից դուրս էինք գալիս արդեն, հարցրի սև շապիկով անծանոթ մարդուն:
⁃ Ի միջի այլոց, Դուք ի՞նչ եք անում կյանքում:
⁃ Ի միջի այլոց, եպիսկոպոս եմ, - պատասխանեց նա:
Անունն ասաց, հեռախոսի համարն էլ տվեց, բայց հա՛մ անունն եմ մոռացել, հա՛մ էլ համարը կորցրել:
Ինձ մի գիրք նվիրեց, հետո ասաց, որ իր քույրն էլ է մահացել 20 տարեկան հասակում: Հետո ամեն տարի Ցյուրիխ էր գալիս:
Այս իրադարձությունը, իհարկե, իմ կյանքը շատ փոխեց: Իհարկե, դրանից առաջ էլ հավատում էի, որ կյանքից հետո կյանք կա, բայց Արտուրից հետո արդեն ոչ թե հավատում եմ, այլ գիտեմ:
Մի շատ կարևոր բան հասկացա Արտուրի շնորհիվ, որ մարդիկ, երբ լքում են այս աշխարհը, էլ ոչինչ չեն կարող անել իրենք իրենց համար, իրենց հոգիների: Բայց մենք կարող ենք:
Ահավոր շատ էի ուզում օգնել Արտուրին, որ շուտ հասնի Դրախտ:
Էդպիսի օր չկար, որ առավոտյան չաղոթեի Արտուրի համար, էդպիսի բան չկար, որ մոռանայի:
Ամեն կիրակի, եթե Ցյուրիխում էի, չէի ճանապարհորդում, գնում էի մի շատ գեղեցիկ սրբավայր, որտեղ վանականներ են ապրում ու խնդրում պատարագ Արտուրի համար:
Էդպիսի բան չկար, որ ցուրտ լիներ, անձրև գար, կարկուտ, մի մետր ձյուն, ու ես դրա պատճառով չգնայի՝ պատարագ խնդրեի Արտուրի համար:
Դուռը ծեծում էի, բացում էին վանականները, ասում էին.
⁃ Բարի լույս : Եկել ես Արտուր եղբոր համար պատարագ խնդրելու՞( արդեն առանց ինձ ասելու գիտեին): ( Eine Messe für Bruder Arthur)։
ՈՒ էդպես շարունակ 18 ամիս, թե 36 ամիս: Ամեն օր աղոթք ու ամեն կիրակի պատարագ:
Մինչև մի օր սրտիս մեծ հանգստություն եկավ. հասկացա, որ Արտուրը հասավ երկնային տուն, Աստծու մոտ:
Շատ կարոտում եմ Արտուրին, շատ կարոտում եմ եղբոր կերպարը, բայց հանգիստ սրտով եմ կարոտում, հաստատ գիտեմ, որ Աստված տա, նորից հանդիպելու ենք:
Ոնց որ ասենք, երբ Շվեյցարիայում եմ, լիքը մարդկանց եմ կարոտում, բայց գիտեմ, որ գամ Հայաստան, կտեսնեմ իրենց, կարոտս կառնեմ, էդպես էլ՝ Արտուրին:
ՈՒ միշտ ասում եմ մոտիկներին.
«Երբ ես լքեմ այս աշխարհը, ինձ համար չլացեք, բարի գործ արեք ու աղոթեք …»:
Իսկ էն մարդկանց, ում շատ եմ սիրում, միշտ ասում եմ.
«Էնպես ապրենք, որ կյանքից հետո նույն տեղում հայտնվենք»:
Թերեզա ՄԽԻԹԱՐՅԱՆ